«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի, այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։ «Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը:
Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների՝ գնացքավարը վիրավորվել է։«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը հայտարարություն է հրապարակել՝ պատասխանատվություն ստանձնելով հարձակման համար և նշելով, որ զինյալները ռմբակոծել են երկաթգիծը և վերահսկողության տակ առել գնացքը Պակիստանի Սիբիի շրջանում։
Ըստ ոստիկանությունում AFP-ի աղբյուրներից մեկի՝ գնացքը կանգնած է թունելի դիմաց, որը շրջապատված է լեռներով։