Իսրայելի հետ 15-ամսյա պատերազմից հետո Գազայի հատվածի վերականգնման կարիքները կգերազանցեն 53 միլիարդ դոլարը, այս մասին նշվել է ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ հրապարակված զեկույցում:
Վնասի և կարիքների նախնական գնահատումը ցույց է տվել, որ 53,2 միլիարդ դոլար է անհրաժեշտ առաջիկա տասը տարիների ընթացքում Գազայի հատվածի վերականգնման և վերակառուցման համար, այդ թվում՝ 20 միլիարդ դոլարն անհրաժեշտ է առաջին երեք տարիների համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի խնդրանքով պատրաստված զեկույցում նշել էր, որ Գազայի հատվածի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնման և վերակառուցման համար անհրաժեշտ է 53 միլիարդ 142 միլիոն դոլար։
Այս առնչությամբ ամերիկյան «Ռանդ» հետազոտական ընկերության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Գազայի հատվածի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 80 միլիարդ դոլար, իսկ միայն փլվածքների հեռացումը կարժենա ավելի քան 700 միլիոն դոլար: