ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին, այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո զրուցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ։
«Պետքարտուղարն արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է հանդիպման ընթացքի մասին։ Բոլոր մասնակիցները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ Ուկրաինայում հակամարտության կայուն ավարտի հասնելու համար», - ասել է Բրյուսը։
Իր հերթին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, գրում է, որ Ռուբիոն եվրոպացի գործընկերներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի շուրջ հաշտության համաձայնագիր չի կնքվել: