Ռուսաստանը գիշերը 102 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքի վրա, որոնցից 59 խոցվել են տարբեր մարզերի, այդ թվում՝ Կիևի երկնքում, այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել են Սումիի, Օդեսայի և Չերկասիի մարզերը։ Թե կոնկրետ ինչ վնասներ են հասցվել, հայտարարության մեջ չի հստակցվում։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն երեք օր է՝ ԱԹՍ-ներով «անդադար ահաբեկում» է տարածաշրջանը. այս անգամ ռուսական ուժերը հարձակվել են Չեռնոմորսկի վրա։«Հարձակման հետևանքով վնասվել է քաղաքային հիվանդանոցը, մասնավոր բնակելի շենք, վարչական շենք, հացահատիկի պահեստ և բեռնատարներ։ Չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկը բժիշկ է, որը հակառակորդի հարվածների ժամանակ վիրահատություն էր անում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չեռնոմորսկի և նրա արվարձանների մի մասի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կան։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը տարբեր մարզերում ոչնչացվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Յարոսլավի, Կուրսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կրասնոդարի, Վոլգոգրադի մարզերում։ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ ԱԹՍ-ներից մեկի բեկորների անկման պատճառով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արագ մեկուսացվել է։ Տուժել է մեկ աշխատակից։