Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Վորոնեժի մարզի Լիսկիի շրջանի նավթաբազայի ռեզերվուարներում հրդեհ է բռնկվել, որ մարելու համար ներգրավվել են տասնյակ միավոր տեխնիկա և երկու հրշեջ գնացքներ, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։«Սկզբնական փուլում հրդեհի մարումը բարդացել է օբյեկտի վրա կրկնվող հարձակումների սպառնալիքի պատճառով։
Ներկայումս մի քանի ռեզերվուարներում կրակի դեմ պայքարում են ուժեղացված հրշեջ հաշվարկներ՝ տասնյակ միավոր տեխնիկա և երկու հրշեջ գնացքներ: Լրացուցիչ ուժեր են ուղարկվել երկու հարևան տարածաշրջաններից»,- գրել է նա։Գուսևը հավելել է, որ հունվարի 16-ի գիշերը Վորոնեժի մարզի երեք շրջանների տարածքը գրոհել են ավելի քան 10 անօդաչու թռչող սարքեր։ Հարձակումների մեծ մասը բաժին է ընկել Լիսկիի շրջանի նավթաբազային:
Նահանգապետը նաև նշել է, որ նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով բնակչությանը վտանգ չի սպառնում։
Նախնական տվյալներով՝ քաղաքացիների գույքը չի վնասվել:Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ընդհանուր առմամբ երկրի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 27 ԱԹՍ։ Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը 50-ից ավելի ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր մարզերի, այդ թվում՝ Կիևի մարզին։