ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին տարիներին Անկախության օրվա առթիվ հղած ուղերձների հիմնական գաղափարական առանցքը եղել է անկախության և պետականության պահպանումն ու պաշտպանությունը։
2019 թվականի ուղերձում Սարգսյանը շեշտադրել է ազգային արժեքների և ինքնության պահպանումը՝ կոչ անելով դրանք պաշտպանել «տարատեսակ ոտնձգություններից» և փոխանցել հաջորդ սերունդներին։
2020-ին նա անկախությունը ներկայացրել է որպես ոչ միայն ձեռքբերում, այլև պատասխանատվություն ապագա սերունդների առջև։ «Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը ժամանակակիցներիս պարտքն ու պարտականությունն են»,- նշել է Սարգսյանը։
2021 թվականի ուղերձում երրորդ նախագահը հայտարարել է, որ անկախության սերունդը «չի կարող և չպետք է պարտվի ստրկամիտներին», իսկ
2022-ին շեշտել է, որ անկախությունն առավել քան երբևէ իր նվիրյալների պաշտպանության կարիքն ունի։
«Երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»,- ասված էր 2022 թվականի նրա ուղերձում։
2024 թվականին Սարգսյանը շեշտադրել է անկախության գիտակցված ընտրություն լինելու գաղափարը՝ նշելով, որ անկախությունն ու հաղթանակը պահպանելու կարողությունը նույնքան կարևոր է, որքան դրանք ձեռք բերելը։
2025 թվականի ուղերձում նա Երրորդ Հանրապետությունը բնորոշել է որպես հայ ժողովրդի՝ ազատության և անկախության համար մղած պայքարի արդյունք։
«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Այս ուղերձներում տարբեր տարիներին կրկնվող հիմնական շեշտադրումները եղել են անկախության պահպանումը, ազգային արժեքների պաշտպանությունը, պետականության նկատմամբ պատասխանատվությունը և դրա պաշտպանության անհրաժեշտությունը։








