Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում ուկրաինական կարգավորման գործընթացին եվրոպացի ներկայացուցիչների ներգրավման հարցը չի քննարկվել։
«ՌԴ ԱԳՆ-ին հայտնի տեղեկություններով՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում այդ թեման չի քննարկվել»,- ասել է Զախարովան։
Նա այսպես է մեկնաբանել Քուշների հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ դրանում ներառելով եվրոպացի գործընկերներին։ Ամերիկացի բանակցողի խոսքով՝ դա հնարավորություն կտա տարածքային տարաձայնություններին զուգահեռ քննարկել նաև եվրոպական անվտանգության ապագան։
Նոյեմբերի 13-ին Քուշները հայտարարել էր Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ կողմերն ավելի լավ են հասկացել միմյանց դիրքորոշումները և առաջընթաց են գրանցել հնարավոր լուծումների որոնման հարցում։








