ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները՝ վերջնական խաղաղության համաձայնության հասնելու և Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հայտնել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի խոսքով՝ բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումը, այլ վերջնական խաղաղության հաստատումը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության հարցերը քննարկելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև եվրոպական անվտանգության ճարտարապետությանը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է պայմանավորվել և լուծումներ գտնել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար։
Անդրադառնալով տարածքային հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ Կիևին տեղին չէ խոսել տարածքային կորուստների մասին։«Կիևի կորցրած տարածքները նրանց տարածքը չեն, դրանք Ռուսաստանի պատմական հողերն են»,- ասել է նա։
Պուտինի պնդմամբ՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանին միանալու օգտին։ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ և նման պատերազմի չի պատրաստվում։
«Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, ինչպես Ռուսաստանն էլ չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ»,- նշել է Պուտինը՝ եվրոպական երկրներում Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունները որակելով որպես «քաղաքական շիզոֆրենիա»։
Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը չի ձգտում պատերազմել Ուկրաինայի հետ, իսկ Կիևն է ընտրել ռազմական ճանապարհը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և առաջարկել է Ուկրաինային համաձայնության գալ Դոնբասի հետ, սակայն Կիևը, իր պնդմամբ, ընտրել է զենքի կիրառումը։
Պուտինը նաև մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին և նրանց արևմտյան աջակիցներին՝ երկրի քաղաքացիներին որպես «սպառվող նյութ» դիտարկելու համար։
«Ուկրաինացիներին, ինչպես անտուն շներին, փողոցներից հավաքում են և բռնի ուժով տանում ռազմաճակատ»,- հայտարարել է նա։ՌԴ նախագահի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալիքների թիվը հասնում է կես միլիոնի կամ ավելիի։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կիրականացնի իր առջև դրված խնդիրները, և ռազմական գործողության բոլոր նպատակները կկատարվեն։ Նա նաև նշել է, որ վերջին գենետիկական հետազոտությունները, իր խոսքով, ցույց են տալիս՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։








