ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելքում իրենց զինանոցում ունեն ավելի քան 450 Tomahawk տեսակի թևավոր հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հարվածի համար։ Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և Պենտագոնի բաց աղբյուրների տվյալներին։
Տվյալների համաձայն՝ այդ հրթիռները տեղակայված են տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական նավերի վրա և կարող են կիրառվել Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու նպատակով, եթե ԱՄՆ նախագահը հաստատի Թեհրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու որոշումը։
Պաշտոնյայի խոսքով՝ ավիակիր հարվածային խմբի՝ USS Abraham Lincoln-ի նավախումբը, որը նախորդ շաբաթ ժամանել է Մերձավոր Արևելք, առայժմ միայն շարժվում է այն դիրք, որտեղից կարող է օգտագործվել Իրանի դեմ հարձակման համար։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել են ԱՄՆ վարչակազմի երկու ներկայացուցիչներ, տեղում արդեն գտնվում են շուրջ 10 այլ ամերիկյան ռազմական նավեր, ինչպես նաև ավիացիոն էսկադրիլիաներ և F-15 ու F-35 կործանիչներ։








