ՀԱՊԿ-ին այլընտրանքային անվտանգային բարձիկներ Հայաստանը այս պահին չունի, որևէ այլ երկիր անվտանգային երաշխիքներ մեզ չի տվել։ Հրաժարվել ունեցածից և կույր գլորվել անհայտության մեջ՝ անհասկանալի է։
Euromedia24-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի մեզ հետ զրույցում նշել է՝ ՀԱՊԿ-ից հրաժարվելը և դեմքով դեպի ՆԱՏՕ շրջվելը դեռ չի ենթադրում ՆԱՏՕ-ին անդամակցություն․
«Հայ ժողովուրդը պետք է քաջ պատկերացնի՝ դեմքով դեպի ՆԱՏՕ-ն պտտվելն ուղղակի Թուրքիայի գիրկը հայտնվելն է, քանի որ այդ կառույցի՝ թվակազմով 2-րդ երկիրը Թուրքիան է, ի վերջո շատ երկրներ տարիներով ՆԱՏՕ անդամ դառնալու երազանքով ապրել են, բայց չի եղել դա»,-ասում է Մանուկյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցության պատճառով շատ երկրներ հրաժարվել են զենք վաճառել՝ պատգամավորը հակադարձում է՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը որևէ կերպ չի խանգարել միջազգային այլ կառույցների հետ համագործակցությանը։
Գեղամ Մանուկյանը նաև հիշեցնում է՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը շատ ակտիվ համագործակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի հետ, ՀՀ ԶՈՒ առանձին ստորաբաժանումներ ակտիվորեն ներգրաված են եղել այդ թվում ՆԱՏՕ-ի դրոշի տակ հանդես եկող խաղաղապահ խմբերում՝ Աֆղանստանում, Հարավային Լիբանանում, Կոսովոյումում և այլ երկրներում․
«Նույն արևմտաեվրոպական երկրների հետ առանձին զինատեսակների գնման գործընթացներ են եղել բազմիցս։
Զենքի գնումը պոպուլիզմի նյութ չի, դրա համար երբեք ՀՀ ԶՈՒ-ի զենքերի ձեռքբերման մասին գովազդ չի եղել»։








