Դեկտեմբերի 27-ին Կամբոջայի և Թաիլանդի սահմանային գլխավոր կոմիտեի հատուկ նիստում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը չի նշանակում Կամբոջայի կապիտուլյացիա կամ ինքնապաշտպանության իրավունքից հրաժարում։
Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, որի խոսքերը մեջբերել է «Խմեր Թայմս» թերթը։ Փոխադարձ հրադադարի համաձայնության որոշումը, նրա խոսքով, «չի նշանակում, որ Կամբոջան կապիտուլյացիայի է ենթարկվում կամ պատրաստ է զոհաբերել իր տարածքային ամբողջականությունը խաղաղության համար», և դա նաև չի նշանակում, որ երկիրը «անկարող է կամ հրաժարվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»։
Ընդհակառակը, այս որոշումը ցույց է տալիս, որ պետությունը որոշել է խաղաղ ճանապարհով գնալ և իր ժողովրդի կյանքն ու բարեկեցությունը դնել որպես իր բարձրագույն և ամենակարևոր առաջնահերթություն՝ չնայած ճնշումներին կամ դժվարություններին, ասել է վարչապետը։








