Ամենայն Հայոց Հայրապետը մինչև իր վախճանը մնալու է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Մշտապես ասել ենք, որ Կաթողիկոսն իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը և օրհնելու է բոլորիս։ Այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք մեր հոր գլխավորությամբ»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ ինչպես է վերաբերվում 10 եպիսկոպոսների կողմից կաթողիկոսին ուղղված մեղադրանքներին, Տեր Փառեն քահանան արձագանքեց․ «Ես պարզ քահանա եմ, և Ամենայն Հայոց կաթողիկոսը երբեք իր որդիների կարծիքը հարցնելու որոշում չի կայացրել և չի կայացնում։ Եկեղեցին մեծ ընտանիք է և պիտի շարունակի իր տիրավանդ ուղին։ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր սիրով և նվիրապետությամբ շարունակելու է հովվապետել»։
Անդրադառնալով Մայր Աթոռում այսօր կայանալիք ժամերգությանը՝ Տեր Փառեն քահանան նշեց․ «Այսօր աղոթք է լինելու վեհափառ հայրապետի գլխավորությամբ, մենք մեր խնդրանքն Աստծո առջև ենք դնելու, միաբան աղոթք ենք անելու և գնանք ամեն մեկս մեր տուն, մեր հանգստին»։








