ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կոշտ լեզվով» քննարկել է Ուկրաինայի պատերազմի ավարտը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ «Մենք Ուկրաինայի հարցը քննարկեցինք բավականին կոշտ լեզվով։
Եվ կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք սպասում ենք պատասխանների, նախքան առաջ շարժվելը», – լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնեց, որ եվրոպացի առաջնորդները առաջարկել են առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Եվրոպայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ։ Նա պարզաբանել է, որ ամերիկյան կողմը ներկա կլինի բանակցություններին։








