ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելու նրան Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպել։
«Վաղը զրույց ունենք նախատեսված Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ, ես ուզում եմ խնդրել նրան նման հնարավորություն ընձեռել Թուրքիայում բանակցություններ վարելու համար: Հուսով եմ, որ նա կհաստատի իր ցանկությունը՝ նպաստել Ուկրաինայում խաղաղություն փնտրելուն», - ասել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ:
Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ թուրքական կողմը նախկինում բազմիցս առաջարկել է իր ծառայությունները Մոսկվայի և Կիևի միջև Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ կազմակերպելու համար։
«Նախագահ Էրդողանը շատ բան է արել դրանք կազմակերպելու համար։ Հիշեցնեմ, որ այս բանակցությունների արդյունքում պատրաստվեց համատեղ փաստաթղթի նախագիծ, որը նախաստորագրեց Կիևի բանակցային խմբի ղեկավարը, սակայն Արևմուտքի պահանջով այն պարզապես նետվեց աղբամանը», - դժգոհել է Պուտինը։