Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։
Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար ծրագրված տեխնիկական հանդիպում:
Քանի որ այդ բանակցությունները չեն կայանա, տեխնիկական հանդիպումը կորցրել է իր արդիականությունը, համենայն դեպս, առայժմ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։
Բարրոն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե բանակցությունները ձախողվեն:
«Եթե մենք մի քանի շաբաթվա ընթացքում Իրանի հետ համաձայնություն չունենանք նրա միջուկային ծրագրի տեսանելի, ստուգելի և հուսալի ապամոնտաժման վերաբերյալ, մենք՝ եվրոպացիներս, կվերսկսենք այն պատժամիջոցները, որոնք վերացրել էինք 10 տարի առաջ, երբ համաձայնությունը ձեռք բերվեց», -ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։