Հայաստանի քաղաքացիները Գյումրիում և Փարաքարում մերժեցին Փաշինյանի այսպես կոչված՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Euromedia24-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարտի 30-ի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունն այն է, որ Փաշինյանը չկարողացավ փակել Արցախի հարցը, քանի որ ընտրողը մերժեց դա՝ իր ձայնը տալով ընդդիմադիր ուժերին: Քաղաքագետի խոսքով՝ Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կրած անհաջողությունը գործող վարչապետի արտաքին քաղաքականության վրա անմիջականորեն չի ազդի, բայց որոշակի մեսիջներ արտաքին շահագրգիռ կենտրոններին իր մեջ պարունակում է:
Մարտի 30-ին Գյումրիում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 36,8 տոկոսը: Կոմունիստական կուսակցությունը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ստացել է ձայների 20,7 տոկոսը: Անցողիկ 6-տոկոսանոց շեմը հաղթահարել են նաև Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաք»-ը դաշինքը, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը: Ձայների նշված հարաբերակցությամբ ՔՊ-ն Գյումրու ավագանիում կունենա 14, Վարդան Ղուկասյանի խմբակցությունը՝ 8, Մարտուն Գրիգորյանի դաշինքը՝ 6, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, իսկ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: Ռուբեն Մխիթարյանը և «Մայր Հայաստանը» արդեն հայտարարել են քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությանը սատարելու պատրաստակամության մասին: Եթե նրանց միանա նաև Մարտուն Գրիգորյանի դաշինքը, Գյումրիում քաղաքապետ կընտրվի ոչ թե ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այլ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը: Իսկ Փարաքարում տեղի ունեցած ավագանու ընտրություններում ձայների մեծ առավելությամբ հաղթել է ընդդիմադիր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կազմած «Միասնություն» դաշինքը՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան