«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում նախատեսվում է հասարակական-քաղաքական նոր միավորի ստեղծում:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ստեղծում են «Համահայկական միասնության խորհուրդ»։
Համապատասխան հայտարարության մեջ նշվում են նման միավորի ստեղծման դրդապատճառները: Ի մասնավորի, հիմնական մոտիվացիան անվտանգային ռիսկերին դիմակայելու, Հայաստանի պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման անհրաժեշտությունն է:
«Համահայկական միասնության խորհուրդը» շեշտադրելու է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության գաղափարը:
Ըստ թերթի տեղեկությունների, տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, անհատ գործիչներ ևս առաջիկայում միանալու են այդ «Խորհրդին», սակայն մեզ հայտնի են միայն նախաձեռնողների՝ Արշակ Կարապետյանի, Միքայել արքեպիսկոպոսի ու Ալբերտ Բազեյանի անունները:
Մյուսների մասին տեղեկություն ունենալու դեպքում առաջիկայում կհրապարակենք: